«Նամակ եմ ուղարկել՝ առայժմ անարձագանք». Հայկ Դեմոյանը Արայիկ Հարությունյանից ակնկալում է խաղաղ հանգուցալուծում
Մեկ տարի է, ինչ չեն ավարտվել իմ ազատման գործընթացի հետ կապված խնդիրը եւ ֆինանսական վերջնահաշվարկը: Այս մասին ասաց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Ներկա պահին որոշակի գործընթացներ են գնում, շատ չակերտներ չեմ բացի,
բայց գործընթացը վերաբերում է իմ նախկին զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելուն:
Ի վերջո, ցավալի է, որ այդ պատմությունը տեղի ունեցավ, քանի որ իրավական
գործընթաց կարող էր տեղի չունենալ: Ցավալի է, որ մեկ տարի այդպես մնաց, շատ
լավ գիտակցում եմ, որ այդ հարցի բարձրաձայնումն անընդհատ խնդիրների կարող է
բերել, բայց մեկ տարի այն շարունակվում է, եւ արդեն նոր տնօրեն կա, բայց
ընդհանուր հայտարարի չենք կարողանում գալ: Դա իմ խնդիրը չէ այլեւս,
Կրթության եւ գիտության նախարարության խնդիրն է, իմ մեղքով չէ, որ այդպիսի
խնդիր կա»,– նշեց նա:
Հարցին՝ հանդիպման կամ քննարկման փորձ եղե՞լ է իր կամ ԿԳ նախարար Արայիկ
Հարությունյանի կողմից, Դեմոյանը պատասխանեց. «Եղել է նամակագրություն իմ
կողմից, բայց առայժմ անարձագանք: Առաջարկը հենց սկզբից եղել է ստորագրել
համապատասխան համաձայնագիր, որի հիման վրա հնարավոր կլինի ձեւակերպել
աշխատանքից ազատման օրինական գործընթացը եւ ստանալ ֆինանսական
վերջնահաշվարկ»:
Դեմոյանը հույս ունի, որ այս փուլում հնարավոր կլինի համաձայնության
գալ. «Ամբողջ ողբերգականությունը եւ զավեշտը կայանում է նրանում, որ շատ
շրջանակներ հույսով լի են եղել առ այն, որ ես գործուղման մեկնելով՝ չեմ
վերադառնա Հայաստան: Մեկ տարի Հարվարդում գիտահետազոտական աշխատանք
իրականացնելուց հետո, հաշվարկված է եղել, որ ես գնացել եմ, եւ չեմ
վերադառնա: Այդպիսի ծրագիր ես չունեի ընդհանրապես, եւ ի զարմանս նրանց՝
վերադարձա, եւ այսպես խախտված էին փաստաթղթղային ձեւակերպումները։ Հուսանք
այս փուլում կկարողանանք հանգուցալուծել: Հանգուցալուծումը միակ տարբերակն
է, որ նոր սրացումներ չլինեն, իսկ իմ վերադառնալուց հետո իմ
նախաձեռնությամբ եղել է հանդիպելը, որպեսզի ես ստորագրեմ փաստաթուղթ, որ
իրավական այլ հարցեր չառաջանան: Մենք դեռեւս գտնվում ենք իմ առաջարկի
փուլում»:
Հիշեցնենք, որ Հայկ Դեմոյանը հայտնել էր, որ ԿԳ նախարար Արայիկ
Հարությունյանը եւ այն ժամանակ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը
ներխուժել էին իր աշխատասենյակ։ Հովհաննես Հովհաննիսյանն ի պատասխան նշել
էր. «Հայկ Դեմոյանին մենք աշխատանքից չենք ազատել, որովհետեւ աշխատանքից
ազատում ես մարդուն, ով պաշտոն ունի: Նա եղել է ինստիտուտի տնօրենը, հետո
տնօրենի պաշտոնակատար, հետո առանց դիմում գրելու ակադեմիայի նախագահի
անունով, որ ինքը պարտավոր էր անել, նա գնացել է Միացյալ Նահանգներ,
ուսանել է էնտեղ»: