Կանադան Facebook-ին սպառնացել է դատաքննությամբ՝ գաղտնիության օրենքի խախտման համար
Կանադայի
իշխանությունները Facebook-ին սպառնացել են գաղտնիության տեղական օրենքները
խախտելու եւ օգտատերերի մասնավոր տեղեկատվությունը պաշտպանելու ոչ բավարար
միջոցների համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Կանադայի
գաղտնիության վարչության հայտարարությանը։
Կանադայի մասնավոր տեղեկատվության պաշտպանության հավատարմատարի
հետաքննությունը Facebook-ի հանդեպ սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի է
դարձել, որ 87 միլիոն օգտատերերի տվյալները անօրինական կերպով փոխանցվել են
բրիտանական Cambridge Analytica խորհրդատվական ընկերությանը։
Facebook-ի այն գործողությունների վերաբերյալ վարչության
հետեւությունները, որոնք, կանադական իշխանությունների գնահատականով,
«հրաժարվում է լուծել կամ գոնե խոստովանել» սոցցանցը, հրապարակվել են
հաստատության կայքում։
«Կանադայի մասնավոր տեղեկատվության պաշտպանության հավատարմատարի
գրասենյակը պլանավորում է բարձրացնել այս խնդիրը դաշնային դատարանում,
որպեսզի ստիպի ընկերությանը ուղղել քաղաքականությունը անձնական
տեղեկատվության հանդեպ»,- ասվում է հրապարակված հայտարարության մեջ։
«Հավատարմատարի խորհրդատվությունն ընդունելու Facebook-ի մերժումը
նշանակում է, որ գոյություն ունի կանադացիների անձնական տեղեկատվությունը
առանց նրանց գիտության պոտենցիալ վտանգի ենթարկելու մեծ ռիսկ»,- ասվում է
հայտարարության մեջ։
Ավելի քան մեկ տարի առաջ Facebook-ը խոստովանել էր, որ սոցցանցի 87
միլիոն օգտատերերի տվյալները, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, սխալմամբ փոխանցվել
են Cambridge Analytica ընկերությանը։ New York Times-ը հայտնել է, թե
Cambridge Analytica-ը, որն օգտագործել է տվյալների խորը վերլուծության
տեխնոլոգիաները համացանցում ընտրական քարոզչությունների ընթացքում
ռազմավարական կապերի համար, նախընտրական շրջանում համագործակցել է Դոնալդ
Թրամփի հետ։ Հավաքված տվյալների վրա հիմնվելով՝ մասնագետները գնահատել են
ընտրողների քաղաքական նախապատվությունները եւ ցույց են տվել նրանց
գովազդներ, որոնք համապատասխանել են նրանց հետաքրքրությունների շրջանակին։
Բարձրացած աղմուկը հանգեցրել է նրան, որ Facebook-ի ղեկավարը ստիպված էր
տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ տալ Կոնգրեսում։
Դրանից հետո ամերիկյան մի շարք հաստատությունների եւ ԱՄՆ Կոնգրեսի գծով
սկսվել են հետաքննություններ՝ կապված օգտատերերի տվյալների արտահոսքի հետ։
Մասնավորապես, հետաքննություն է սկսվել ԱՄՆ Առեւտրի դաշնային հանձնաժողովի
կողմից։