Nike-ի լոնդոնյան նոր գրասենյակը կկառուցվի հայկական տուֆից. Միշել Մոսեսյանի նոր գլուխգործոցը
Աշխարհահռչակ Nike ամերիկյան ընկերության
լոնդոնյան գլխավոր գրասենյակը տեղափոխվելու է Լոնդոնի հանրահայտ Քինքզ Քրոզ
(King’s Cross) կայարանի մոտ՝ Google-ի և Facebook-ի գրասենյակների
հարևանությամբ։ Այդ մասին հայտնում է Evening Standard բրիտանական
լրատվամիջոցը:
Հաղորդվում է, որ Nike-ի նոր գրասենյակը նախագծել է հայազգի հռչակավոր
ճարտարապետ Միշել Մոսեսյանի գլխավորած Westminster-based Mossessian
ճարտարապետական ստուդիան: Արդեն հայտարարվել է, որ կառուցման
աշխատանքներում օգտագործվելու է հայկական սև տուֆ։ Ֆրանսահայ ճարտարապետ,
Բրիտանական ճարտարապետական թագավորական ակադեմիայի անդամ Միշել Մոսեսյանը
ճարտարապետության դոկտոր է, նրան են պատկանում եվրոպական և ասիական
նշանավոր քաղաքների մի շարք արդիական շենքերի և համալիրների նախագծեր,
ինչպիսիք են Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր մասնաշենքի և հարող տարածքի, Դոհա
քաղաքի հին հատվածի վերանորոգման, Մեքքայի մուսուլմանական թանգարանի և այլ
նախագծերը: Սպորտային իրերի և հագուստի Nike ընկերության Լոնդոնի
գրասենյակը, մինչև նոր տարածք տեղափոխվելը, գործում է Սոհո թաղամասում,
սակայն ընկերությունն այն տեղափոխում է արագ տեմպերով աճող նոր ու
ժամանակակից թաղամաս, որտեղ Nike-ն ավելի մեծ տարածք է զբաղեցնելու: