Երբ է Միհրան Պողոսյանը մեկնել Հայաստանից. ՀՔԾ–ն պարզաբանում է
Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին։
«Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի
հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող
կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը
կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում:
Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ, իսկ
Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի
կարգավիճակ չի ունեցել: Դեռ ավելին, այդ ժամանակ նրա վերաբերյալ քրեական
գործ Հատուկ քննչական ծառայության վարույթում չի եղել»,–հայտնում են
ՀՔԾ–ից:
Ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական
ապաստան է խնդրել:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի
շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան
Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ
308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն
վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական
դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ
չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր
հետեւանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով
կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր
հետախուզում: ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։