Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական թոք-շոուի ուղիղ եթերում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «60 минут» ծրագրի շրջանակներում «Россия 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավար Օլգա Սկաբաևայի հարցերին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին։
«Սա շատ կարևոր օր է ամբողջ հայության համար։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շատ կարևոր քայլ է երկրում նմանօրինակ ոճրագործությունները կանխելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հիշեցրել է, որ ՌԴ Պետդուման 1995 -ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել, ընդգծելով, որ հայկական կողմն այդ քայլը բարձր է գնահատում։
Հաղորդավարուհին խնդրել է ՀՀ վարչապետին վարպետության դաս անցկացնել և պատասխանել հարցին՝ ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ինձ համար այդ իրավիճակում շատ կարևոր է լինել կոռեկտ՝ խոսելով իմ երկու կոլեգաների՝ ՌԴ նախագահի և Ուկրաինայի ընտրված նախագահի մասին։ Կարևորը իրական երկխոսություն հաստատելն է»։
Նա ընդգծել է նաև, որ ռուսները, ուկրաինացիներն ու հայերը եղբայրական ժողովուրդներ են։