Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանը պետք է
շարունակի իր ջանքերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար,
անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության: Ծիծեռնակաբերդի
հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի
նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախկին նախարարն ընդգծեց, որ սա ոչ միայն պատմական արդարության
վերականգնման, այլեւ Հայաստանի անվտանգության հարց է: Մանավանդ, որ
Թուրքիայից շարունակում են հայտարարություններ հնչել, որոնք վկայում են
ասվածի արդարության մասին:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած երկիր,
պետք է ջանքեր գործադրի, որպեսզի այլեւս նման բան չլինի: «Մենք
ցեղասպանություն ենք վերապրել եւ չպետք է դադարենք պայքարել դրա ճանաչման
համար», - ասաց Վիգեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրներին եւ
միջազգային կազմակերպություններին Ցեղասպանությունը վերապրածներին օգնելու
համար:
«Պետք է հստակ հիշել, որ ցեղասպանությունը, ողբերգություն լինելով,
առաջին հերթին հանցագործություն է: Եվ դա անվտանգության հարց է», - ընդգծեց
Սարգսյանը: