Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, այդքան քայլել ենք. Սասուն Միքայելյան
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ցեղասպանությանը հետևողական լինելն ամեն իշխանության պարտականություն է, և մենք պիտի կարողանանք ազգովի համախմվել, որպեսզի աշխարհում նման բան այլևս չկրկնվի․
«Որքան հիշում եմ, Տիգրան Մեծն է ասել շտապի՛ր, բայց դանդաղ։ Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ գնանք։ Ես՝ որպես ԵԿՄ նախագահ, պատկերացնում եմ, որ մենք պետք է համալրենք մեր շարքերը և Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը համախմբված եղավ, ազգը հասկացավ, որ նման ձևով շարունակել չի լինի »։
Նա նշեց, որ 550 հոգի վերջին 1 ամսվա ընթացքում դիմել է ԵԿՄ-ին։ Սասուն Միքայելյանի խոսքով՝ նա ասել է, որ բոլորը, անկախ կուսակցական պատկանելությունից, կարող են համալրել ԵԿՄ շարքերը։
Նա նաև անդրադարձավ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի գործին և ասաց․
«Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է, այդքան քայլել ենք, դա իրավապահ մարմինների որոշելիքն է։ Կոռուպցիան 25 տարի կա վերին ատյաններում, հնարավոր չէ բոլորին փոխել։ Այդ ժամանակ համակարգը ուրիշ էր, և այսօր դեռ մնացորդները կան, կամաց կամաց կվերանան»։
Սասուն Միքայելյանն անդրադարձավ Քաղաքացու օրվա համար հատկացված 124 միլիոն դրամին: Նրա խոսքով` այդ տոնը ժողովրդինն է, նա պիտի նշի։
Խոսելով այդ օրը ճանապարհ փակելու մասին` նա ասաց, որ եթե այդ օրը ուրախությունից ճանապարհ փակվի, ապա դա ժողովրդի իրավունքն է։