Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետ տիկին Բուել Գոդներին:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում ունեցած դերակատարության մասին: Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ հայ ժողովուրդն իր անսասան ու զորեղ հավատքի շնորհիվ կարողացել է դիմագրավել բազմապիսի փորձություններ:
Իր հերթին, Սոդերթելիեի քաղաքապետն արձանագրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քաղաքապետը Նորին Սրբությանը նաև տեղեկություններ է փոխանցել իր քաղաքի հայկական համայնքի գործունեության մասին՝ ընդգծելով, որ հայերը կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքի վարչական, տնտեսական և հասարակական կյանքում: Տիկին Բուել Գոդները ուրախությամբ նշել է, որ Սկանդինավիայում առաջին հայկական եկեղեցին Սոդերթելիե քաղաքում է կառուցվել, ուր առկա են նաև ամենաշատ քրիստոնեական համայնքները:
Գարեգին Բ. Հայրապետը իր գնահատանքն է հայտնելՇվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հագատար վերաբերմունքի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Միջին Արևելքում քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին և քրիստոնյաների արտագաղթին: