Թուրքիայի գործոնը սարքել են մեր անկախությունը ճնշելու, մեզ հպատակ դարձնելու մեխանիզմ. Արամ Սարգսյան
Ես լուրջ վտանգ եմ տեսնում, որ մեր անկախության ուղղությամբ ամեն անգամ որեւէ քայլ անելուց հետո մեզ վախեցնում են՝ «եթե մենք չլինենք, Թուրքիան ձեզ կուտի»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Թուրքիայի պարամետրը սարքել են Հայաստանի անկախությունը ճնշելու, անկախության դեմ քայլեր անելու կամ Հայաստանին հպատակ դարձնելու մեխանիզմ: Ցեղասպանության հարցն օգտագործում են բոլոր հարթակներում, որտեղ Թուրքիայի հետ խնդիր են ունենում: Մենք սրանից պետք է հետեւություն անենք, եւ սրանից պետք է հետեւություն անի Թուրքիան: Ընդառաջ քայլեր պետք է անի թե Էրդողանի իշխանությունը, պիտի հասկանա, որ դրանից իրեն էլ օգուտ չկա, թե Հայաստանի իշխանությունը»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նա նկատեց, որ այսօր ՀՀ իշխանությունները բարեբախտաբար ժողովրավար են, ունեն լեգիտիմության շատ մեծ պաշար եւ կարող են նման ցավոտ խնդիրների վերաբերյալ տեսակետներ հայտնել եւ հանրությանը բացատրել, թե դա ինչու է արվում:
Արամ Սարգսյանը նշեց, որ ինքը միշտ բաց այդ տեսակետները հայտնել է՝ առանց մտածելու, թե դրանից հետո ով ինչ կգրի սոցիալական ցանցերում. «Որովհետեւ խնդիրը լուծում է ուզում: Պետք է ավելի ուժեղ լինելը, հակառակ դեպքում՝ որևէ մեկը, որևէ հարևան, եղբայր պետություն չի կարող այն «գարանտը» լինել որ քո հետ այդ նույն բանը չի կրկնվի: Ես շատ լավ հիշում եմ 1918-20 թվականներին ինչ տեղի ունեցավ եւ այդ բարեկամի պատճառով մենք ինչեր կորցրինք»: