Ոչ ոք մի վայրկյան թող չկասկածի, գործով հավաքված փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բացի օրվա խորհրդին անդրադառնալուց, լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցեր են ուղղել վերջին աղմկահարույց դեպքերի վերաբերյալ:
Առաջին հերթին լրագրողները հետաքրքրվել են Միհրան Պողոսյանի կալանավորմամբ, ինչին նա պատասխանել է.
«Մեր համագործակցության արդյունքում Ռուսաստանի դատախազության միջնորդությունը դատարանը բավարարել է, Պողոսյանը կալանավորվել է էքստրադիացիայի հարցը քննարկելու նպատակով»:
Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու դրա քննության ընթացքին, ասել է հետևյալը.
«Քրեական գործով ընթանալու է բազմակողմանի հետաքննություն, ոչ ոք մի վայրկյան թող չկասկածի, գործով հավաքված փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար, դա ի հետ բերեց նաև Դավիթ Սանասարյանի համար դատավարական կարգավիճակ, դրանից խող իրավունքների շրջանակ: Ամենակարևորը, պաշտպանության իրավունք ստացավ, այդ իրավունքով ներկայացնելու է իր փաստարկները»:
Նա ասել է, որ միջնորդությունը նոր են ստացել, որոշ տեղեկություններ կան, որոնք պետք է ստուգվեն: Իսկ հարցին, թե արդյո՞ք գործը, կարող է «կարված լինել», ասել է.
«Հսկող դատըախազը որ պահին նման ռիսկ տեսնի, ոչ մի պարագայում նախաքննության մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը»: