էդ հին կարվածները պետք է քանդել նոր Հայաստանում, չի կարող էդպիսի բան լինել. Սասուն Միքայելյանը Սանասարյանի մասին
Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, իրար հետ այդքան քայլել ենք, դա իրավապահ մարմինների որոշելիքն է, ես չեմ ուզում առաջ ընկնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել, վերջինս էլ հայտարարել է, որ գործը շինծու է:
Հարցին, թե նոր Հայաստանում հնարավո՞ր է մարդու, պաշտոնյայի վրա «գործ կարվել», Սասուն Միքայելյանը պատասխանեց. «էդ հին կարվածները պետք է քանդել նոր Հայաստանում: Չի կարող էդպիսի բան լինել: Ամեն ինչ կպարզվի, եթե ինքն արդար է, կարդարանա, ոչ մի բան չի կարող լինել»:
Դիտարկմանը, որ այս գործը ցույց տվեց, որ իշխանության վերին օղակներում կոռուպցիան վերացված չէ, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Կոռուպցիան 20-25 տարի է կա մեր վերին ատյաններում: Հնարավոր չի վերին ատյաններում բոլորին փոխես: Ժամանակին այնպիսի համակարգ էր դրվել, որ հնարավոր չէր առանց կոռուպցիայի, եւ առանց կաշառակերության շարժ չէր արվում: Այսօր այդ մնացորդները դեռ կան, կամաց-կամաց պետք է հարթվի»: