«Անպատժելիությունը ընդունելի չի լինելու». Զոհրաբ Մնացականյանը՝ Ցեղասպանության ճանաչման մասին
Արդարությունը վերականգնելու համար հայ ժողովրդի վճռականությունը երբեք չի մարի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ միասին մի շարք միջոցառումներ, հիշատակի արարողություններ են անցկացնում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Լրագրողների այն հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումը, հնարավո՞ր է՝ նոր գործընթաց սկսվի Թուրքիայի հետ, Զոհրաբ Մնացականյանը քիչ հավանական համարեց:
«Ցավոք, դուք տեսնում եք այն ամենն, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից և դրանք հուսադրող չեն, ընդհակառակը՝ քննադատության արժանի»,-ասաց նախարարը: Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նման բան երբեք չի ասվել: