Պարո՛ն քաղաքապետ, հասկացաք, թե ինչու չեն շահագործվել. Անի Խաչատրյաի հարցը կապված 70 ավտոբուսների հետ
Ամիսներ առաջ քաղաքապետը հայտարարել է, որ ավտոպարկում կա թվով 70 ավտոբուս, որոնք իր համար անհասկանալի պատճառներով չեն շահագործվել: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարց է ուղղել «Լույս» դաշինքի անդամ ավագանի Անի Խաչատրյանը: Ավագանու անդամը հարցրել է, թե քաղաքապետը արդեն հասկացե՞լ է, թե ինչու չի շահագործվել, և մինչև օրս այդ ավտոպարկից քանի՞ մեքենա է սկսել աշխատել:
Այս հարցին ի պատասխան քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ նախորդ անգամ այս հարցը նորից բացատրվել է և մի անգամ ևս նշեց, որ այս պահի դրությամբ կան որոշ երթուղիներ որոնք որ փակվում են:
«Քաղաքապետարանը նախատեսում է, որ այդ ավտոբուսները շահագործվեն այդ երթուղիներում, որոնք որ փակվելու են: Այս պահի դրությամբ արդեն 10 ավտոմեքենա իր ամբողջ շարժակազմով պատրաստ է»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:
Անի Խաչատրյանն իր հերթին նշեց, որ իր հարցը հավանաբար սխալ են հասկացել:
«Պարո՛ն քաղաքապետ, հասկացաք, թե ինչու չեն շահագործվել այդ ավտոբուսները»,- կրկնեց հարցը «Լույս» դաշինքի ավագանու անդամը:
Հրաչյա Սարգսյանն ի պատասխան ասաց, որ գոյություն ունի մասնավոր և պետական հատված, որը շահագործում է գործող երթուղային ցանցը: Նոր ավտոբուսները նոր ցանցում օգտագործելու համար նշանակում է, որ որոշ երթուղիներ պետք է փակվեն
«Բայց քաղաքապետարանն այդ երթուղիները չի փակել և հնարավորություն է տվել մասնավոր հատվածին, որ աշխատի իր շարժակազմով: Իսկ այն երթուղիները, որոնք սնանկացման փուլում են կամ փակվելու են, ապա այդ ավտոմեքենաները կօգտագործվեն դրանց փոխարեն»,- ասել է առաջին տեղակալը և հավելեց, որ կա գործող երթուղային ցանց և նոր երթուղի ավելացնելը նշանակում էր, որ այլ երթուղիների ուղևորահոսքը պետք է սպասարկեին այդ ավտոբուսները, և այդ երթուղիները նույնպես պետք է գնային սնանկացման: