«Սպայկա»-ի 36-ամյա աշխատակցի դին հայտնաբերվել է ծնողների գերեզմանի մոտ
Երևանում, ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երեւան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գեւորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։
Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ 2 բջջային հեռախոս։ Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները նշել են. «Երեկվանից փնտրում էինք Գեւորգին, ով խնամքին ուներ 3 երեխա։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Թե հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել»:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։