Այդ մասին՝ մյուս անձրևին (լուսանկար)
Թեև անձրևն ամենասիրառատն է բոլոր տարերքներից, մեր քաղաքում այն վայելել ուղղակի հնարավոր չէ:
Ընդամենը մեկ ժամ հորդառատ անձրև ու….Երևանն արդեն խուճապի մեջ է: Փողոցներում ջուրը հոսում է գետի նման: Տրանսպորտն ամբողջությամբ կաթվածահար է: Ամենուր խցանումներ են, պատճառը՝ անձրև:
Մայթերին վիճակը նույնն է: Ջրահեռացման համակարգեր չկան կամ չեն գործում: «Տխուր զավեշտն» այն է, որ մի կերպ քեզ տուն գցելիս էլ նույնատիպ տեսարանի ես բախվում շենքիդ բակում, բակն ի՞նչ…հե՛նց վերելակի առջև: Այնտեղ 20 սանտիմետր խորությամբ ջրափոս է: Կամ ոտքդ դնում ես դրա մեջ, կամ բարձրանում աստիճաններով:
Պարզվում է հարկերում նույնպես թաց տրամադրություն է: Ամենուր կաթոցներ են: Ջրափոսն էլ, երևի, կաթոցից է գոյացել: Հետաքրքիր է՝ համատիրությունների ղեկավարների վրա անձրև չի՞ գալիս:
Տանը չոր է… հեռուստացույցով ԱԺ նիստն է… ուղիղ եթեր: Եթե ջրահեռացման համակարգերի մասին խոսեն էլ, ապա ո՛չ այսօրվա նիստին: Բացի այդ՝ մինչև հաջորդ անձրև դեռ ահագի՜ն ժամանակ կա:
Ասում են՝ չկա վատ եղանակ, կա վատ պատրաստվածություն: Իսկ ո՞վ կնախապատրաստի մեր քաղաքը փոքրիկ տարերքներին: Ե՞րբ կդադարենք բողոքել վատ եղանակից:
Արաքսյա Սնխչյան