Եգիպտոսում 4000 տարվա հնություն ունեցող պատկերազարդ դամբարան է հայտնաբերվել
Եգիպտոսի Հնությունների նախարարությունը հանրությանն է ներկայացրել լավ
պահպանված մի դամբարան, որում առկա են արձանագրություններ և վառ գույներով
որմնանկարներ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է Խուվի անունով մի պաշտոնյայի, ով
հինգերորդ դինաստիայի (Ք.ա. 25-24-րդ դդ.) ժամանակ ազնվական էր: Դամբարանը
Կահիրեից հարավ գտնվող դամբարանային Սաքարա համալիրի մի մասն է: Այն
առանձնանում է իր յուրահատուկ դիզայնով:
Պեղումների խմբի ղեկավար Մոհամեդ Մուջահիդի խոսքերով՝ դամբարանն ունի
լատինական L տառի տեսք, սկսվում է ներքև իջնող փոքր միջանցքից, որը տանում է
դեպի նախասրահ: Դրան հետևում է մեծ սրահը, որի պատերին նկարված են տարբեր
ռելիեֆներ, ինչպես նաև սեղանի մոտ նստած Խուվին։
Հնությունների նախարարությունն իր Twitter-յան էջում հրապարակել է դամբարանը ներկայացնող տեսանյութ: