Մոսկվայում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փակ հանդիպումը
Մոսկվայում շարունակվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցում են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով: Երեք երկրների ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների առանցքում Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկումներն են:
Shantnews.am-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ մինչ բանակցությունների մեկնարկն առանձնազրույցներ են տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև: Լավրովն առանձին հանդիպում ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Դրանց էլ հետևել է եռակողմ փակ հանդիպումը, որն ընթացել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Մեր թղթակցի հաղորդմամբ՝ հաշվի առնելով հանդիպման ձևաչափը՝ բանակցությունների արդյունքների մասին առայժմ շատ մանրամասներ հայտնի չեն, դրանք կհրապարակվեն հանդիպման ավարտին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ այդ բանակցությունները տեղի են ունենում Վիեննայում ՝Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին կայացած առաջին պաշտոնական հանդիպումից հետո: