Միխայիլ Գորբաչովն առաջադրվել է Ինդոնեզիայի խորհրդարանի պատգամավոր
Ինդոնեզացի քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովը, որին ծնողներն այդպես են անվանել ի պատիվ ԽՍՀՄ առաջին նախագահի, առաջադրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով New Straits Times-ին։
Նշվում է, որ ավելի վաղ ինդոնեզացին, որի լրիվ անունն է Միխայիլ Գորբաչով Դոմ, զբաղվել է շրջակա միջավայրի հետազոտություններով։
Նա պարբերականին տեղեկացրել է, որ ծնողներն այնքան համոզված են եղել, թե
իրենց ընտանիքում աղջիկ է ծնվելու, որ անգամ տղայի անուն չեն մտածել։
Ուստի, երբ տղա է ծնվել, նրանք հապճեպ նրան կնքել են խորհրդային առաջին
նախագահի անունով՝ դա «զիլ» համարելով։
Ինդոնեզիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին։