Լիցենզիա չունեցող, բայց վարկ առաջարկողները կտուգանվեն
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել նաև կառավարության կողմից:
Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի օգտագործմամբ գովազդ իրականացնողին կամ գովազդելուն աջակցողի համար սահմանել տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Խոսքը սոցիալական ցանցերում, շենքերի վրա փակցվող գովազդների՝ արագ և մատչելի վարկեր և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարությունների մասին է:
Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս տեսակի առաջարկությունները որևէ գործակցություն չունեն այս կառույցների հետ:
«Այս ծառայությունները տրամադրվում են շատ բարձր միջնորդավճարվ՝ 25-30 տոկոսով»,- ասաց հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:
Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ կրկնելու դեպում տուգանքի չափը կհասնի չորսհազարապատիկի: Նրա խոսքով՝ մարդիկ չունեն ֆինանսական գրագիտություն և ընկնում են այս ծուղակները:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե որ մարմինն է վարչարարությունն իրականացնելու, ինչին ի պատասխան, Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ վարչական իրավախախտումները ՏԻՄ-երի վերահսկողության ներքո է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ նկատեց, որ այս նախագիծը դրվագային լուծում է և ավելի ճիշտ է ջանքերն ուղղել պոտենցիալ վարկատուների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ.
«Գտնում եմ, որ ավելի լավ է ունենալ տեսլական, թեկուզ ոչ արդյունավետ, քան ընդհանրապես չունենալ։ Նախագծին կողմ եմ քվեարկելու, թեև այս նախագիծն ունի փոփոխության անհրաժեշտություն»,- հայտարարեց Արտակ Մանուկյանը։
Արդյունքում նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: