Ինչո՞ւ ենք մենք ասֆալտը սիրում, որովհետեւ ասֆալտը… այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել. Փաշինյանը հեգնեց
Մենք այսօր խնդիր ունենք մեր գյուղերը ցեխից հանելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի միջհամայնքային ճանապարհների վիճակին:
«Պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան: Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչու ենք ասֆալտը սիրում, որովհետեւ ասֆալտը ասֆալտ է, այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել, դա էն ասֆալտը չի»,-հեգնանքով ասաց նա ու ծիծաղեց:
Մինչ այդ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հիմա Արարատի մարզի Սիս գյուղում 2 կմ հատված փորձնական առանց ասֆալտի է նորոգվելու. «Դա գրունտային ճանապարհ է, որը չունի ասֆալտային շերտ: Պետք է երկարակեցությունը ստուգել, նաեւ պետք է եղանակային պայմաններին համընկնի, քանի որ սելավը սրբում է գրունտը»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ տեխնոլոգիան առաջարկող ռուսական կազմակերպությունը նշում է, որ այդ ճանապարհը 5 տարվա կյանք կունենա: