«Ալիևը «մարսեց» 2016 թվականի ապրիլյան պատերազմը». Արա Պապյանը՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպումների ընթացքում և առհասարակ, Հայաստանը պետք է ավելի հաստատակամ լինի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին հիշտակելու հարցում։
«Պետք է հիշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցությունները կսկսի միայն այն դեպքում, երբ վերականգնվի նախաապրիլյան վիճակը, այդ թվում՝ տարածքների հարցով։ Այսօր ստացվում է, որ Ադրբեջանը երեք տարի առաջ՝ խախտելով Բիշքեկի զինադադարը, հարձակվել և տարածքներ է գրավել, և, ցավոք, այսօր դրա պատասխանատվության մասին խոսք չկա։
Հիմա մենք հերթական անգամ գնում ենք ավելի կառուցողական երևալու համար։ Վստահ եմ, որ հաջորդ հանդիպումների ժամանակ Ալիևն իր դիրքորոշումը կոշտացնելու է, քանի որ նրա խնդիրն էր՝ արձանագրել պաշտոնական բանակցություններ՝ չանդրադառնալով նախկին պայմանավորվածություններին, այդ թվում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ինչը տեղի ունեցավ։
Այսինքն՝ ըստ էության, Ալիևը «մարսեց» 2016 թվականի ապրիլյան պատերազմը, և վստահ եմ, որ այսուհետև խստացնելու է իր հռետորաբանությունը երկրի ներսում, և բանակցությունների ժամանակ այդ ամենը կերևա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արա Պապյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը չի արծարծվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։