Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
Այսօր՝ մարտի 22-ին,Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի
Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին: Այս մասին
հաղորդագրություն է տարածել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների
հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը։
Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա.Ղազարյանը հետաքրքրվել է նրա
առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը
Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն
տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները
հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
Զրույցի ընթացքում Կ.Ղազարյանի հայրը Է.Հիբրագիմովին է պատմել Կարենի
պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր
Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների
կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների
հիման վրա:
Կարեն Ղազարյանի հայրը Է.Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։