Կասեցվել է շուրջ 5-6 մլն դոլարի հոգեմետ նյութերի ներմուծումը Ադրբեջան
Իրանի հետ սահմանին Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները բացահայտել են մի քանի տասնյակ կիլոգրամ հոգեմետ դեղերի ներկրման փորձ։ Թմրավաճառներն այդ ապրանքը մտադիր էին Իրանից տեղափոխել Ուկրաինա, ինչի մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
56 կիլոգրամ ընդհանուր զանգվածով հոգեմետ դեղամիջոցները հայտնաբերվել են բեռնատար մեքենայի կցորդչում։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ քանակով այդպիսի դեղամիջոցների գինը սև շուկայում 5-6 միլիոն դոլար կկազմեր։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ այսպիսի բացահայտման, ու այս դեպքերը կարելի է նույնիսկ սովորական համարել։ Նույն անցակետում ընդամենը 3 շաբաթ առաջ Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել էր 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։
Թմրանյութերի նման խոշոր խմբաքանակի տարանցման ևս մեկ դեպք Ադրբեջանում բացահայտվել է 2018 թվականի հուլիսին։ Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները այդ ժամանակ բացահայտել էին Իրանից եվրոպական երկրներ 50 կգ թմրանյութերի տարանցման փորձ։
Տեղին է շեշտել, որ ամփոփ տվյալների համաձայն՝ 2018 թվականին Ադրբեջանում կատարված բոլոր 26 հազար հանցագործությունների 12.3 տոկոսը կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այս բոլոր հանցագործությունների կատարման հետ կապ է ունեցել ընդհանուր առմամբ 2492 մարդ։