Կալիֆոռնիայում ծաղկել է Անզա-Բորեգո անապատը
Կալիֆոռնիայում Անզա-Բորեգո անապատը ծածկվել է գույնզգույն վայրի ծաղիկների «գորգով»: Այժմ անապատում ծաղկում են նարնջագույն, վառ դեղին եւ մուգ մանուշակագույն ծաղիկներ, հաղորդում է Fox News-ը:
Այդ անսպասելի «սուպեր ծաղկունքը» վերջին երկու տարիների ընթացքում թվով երկրորդն է, եւ այժմ նույնիսկ սովորական երեւույթ է դառնում, մինչդեռ ավելի վաղ դա տեղի էր ունենում տասնամյակը մեկ:
Բնության արտասովոր երեւույթի պատճառն անձրեւներն էին, որոնք այս ժամանակաշրջանում նորմայից 150 տոկոսով ավելին էին, նշել է Կալիֆոռնիայի համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ռիչարդ Մինիչը KPBS-ին տված հարցազրույցում:
Դրան հաջորդել էր տաք եղանակը, որը հրաշալի պայմաններ էր ստեղծել ծաղկման համար՝ այդկերպ սերմերին հնարավորություն տալով զարգանալ եւ աճել: