Արայիկ Հարությունյանին ես եմ հրամանագրել, անձնական վրեժխնդրությունը մեծագույն հիմարություն է. Արամ Սիմոնյան
Ես ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ համալսարանում աշխատած տարիներին չեմ շփվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նիստի օրակարգում ռեկտորին անվստահություն հայտնելու հարցն էր, սակայն այն հետաձգվեց:
«Մի երկու անգամ տեսել եմ, գնացել եմ իրենց դեկանի հաշվետվությանը: Իմիջիայլոց, իր աշխատանքի ընդունման հրամանը ես եմ ստորագրել: Դեկանը եկավ ասաց՝ լավ երիտասարդ կա, որպես արաբագետ լավն է, իսկ մենք արաբագիտության ոլորտում ունեինք կադրերի պակաս: Ես լսելով դեկանի բացատրությունները, նաեւ խոսելով ամբիոնի վարիչի հետ, հրամանագրել եմ: Մենք ուրիշ կապով կապված չենք եղել: Ես չեմ փոշմանել: Իմ խորին համոզմամբ, անձնական վրեժխնդրությունը մեծագույն հիմարություն է: Մանավանդ ազատ համալսարանական աշխարհում նման գործելաոճը աղետի է բերում»,-հայտարարեց Արամ Սիմոնյանը: