Ռոնալդուն գերազանցել է «Յուվենտուսի» սպասելիքները. Պավել Նեդվեդ
«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին համապատասխանում է թուրինյան ակումբին:
«Ռոնալդուի տեղափոխությունից հետո «Յուվենտուսն» ավելի լավն է դարձել: Թուրինցիները միշտ հաղթողի հոգեբանություն են ունեցել, սակայն Ռոնալդուն ինչ-որ յուրահատկություն է հաղորդել թիմին:
Նա ազդել է մյուս ֆուտբոլիստների վրա և նրանց ավելի ինքնավստահ է դարձրել: Ռոնալդուն գերազանցել է «Յուվենտուսի» սպասելիքները: Նախկինում մենք նրան միայն որպես ֆուտբոլիստ էինք ճանաչում, իսկ այժմ ծանոթ ենք նրա մարդկային որակներին:
Բոլորիս տպավորել է նրա անհատականությունը, բնավորությունը: Նա ավելին է, քան պարզապես ֆուտբոլիստը: Կրիշտիանուն լիովին համապատասխանում է «Յուվենտուսին»»,- Նեդվեդի խոսքը մեջբերել է The Telegraph-ը:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Ռոնալդուն մասնակցել է 24 խաղի, դարձել է 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: