ԿԳՆ-ում ամփոփվել են «Ապահով համացանց» շաբաթվա արդյունքները
ԿԳՆ-ում այսօր ամփոփել են «Ապահով համացանց» շաբաթվա արդյունքները: ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը հունվարի 14-28-ը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարել էր կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների դեմ պայքար:
«Այդ մեկ շաբաթվա ընթացքում միջոցառումներն ինտենսիվ են եղել, բայց մենք այդ միջոցառումները պետք է անցկացնենք ամբողջ տարվա ընթացքում, առաջիկայում հուշագիր կստորագրվի և կշարունակենք աշխատանքները: Շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովին, որովհետև ընտրությունն իսկապես դժվար է եղել: Ավելի քան 170 հայտ է ներկայացվել, ընտրվել է լավագույն 5-ը: Ուրախ ենք, որ այստեղ տարբեր տարիքի երեխաներ, աշակերտներ, պատանիներ են մասնակցել, մինչև 25 տարեկան է եղել մասնակցության տարիքը, և բոլոր տարիքային խմբերում ունենք հաղթողներ»,- ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Մրցութային հանձնաժողովը, որում ներկայացված են եղել ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ, ստացված հայտերից ընտրել է 5 լավագույն տեսանյութերը:
«Այս մրցույթը շատ կարևոր է, որովհետև երեխաներն ամենաանպաշտպանն են: Մեծերը հաճախ չեն գիտակցում խնդիրները, իսկ խնդիրներն անընդհատ փոխվում են: Ընտրելն իսկապես բարդ էր, լավերը շատ էին, բայց մի երկու թթու խոսք էլ ասեմ՝ կտրել ենք բազմաթիվ տեսանյութեր, որ այստեղից-այնտեղից վերցրած սյուժեներ էին, նկարներ էին և այլն: Գերադասելի է ինքնուրույն անել, դա ավելի համով է ստացվում, նույնիսկ եթե ֆանտաստիկ, արբանյակից նկարած կադրեր չկային: Դիտարկել ենք այն տեսանյութերը, որոնք ինքնուրույն էին արվել»,- ասաց մեդիափորձագետ, «Ապահով համացանց» մրցույթի հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը:
Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, իսկ հեղինակները խրախուսական մրցանակներ ու ԿԳ նախարարի կողմից շնորհակալագրեր ստացան: