Զիմբաբվեում ինքնակոչ մարգարեն ՁԻԱՀ-ի դեմ «դեղամիջոցներ» է վաճառել
Զիմբաբվեի դատարանը խարդախության համար դատապարտել է ինքնակոչ «մարգարեին» եւ 700 դոլարի տուգանք նշանակել այն բանի համար, որ խաբել է, թե ինքը կարող է դեղաբույսերով բուժել ՄԻԱՎ-ը եւ ՁԻԱՀ-ը՝ հայտնում է BBC-ն։
Ուոլտեր Մագայան ավելի վաղ իրեն մեղավոր էր ճանաչել դեղամիջոցների վերահսկման օրենքը խախտելու մեջ, երբ մեղադրվել էր անհայտ դեղեր վաճառելու մեջ։
Ոստիկանությունը նրան ձերբակալել էր նոյեմբերին եւ բռնագրավել էր դեղաբույսը, որն, ըստ նրա, կարող էր բուժել ՄԻԱՎ-ով եւ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց։
Զիմբաբվեն Աֆրիկայում ՄԻԱՎ-ի տարածմամբ վեցերորդ տեղում է։
35-ամյա Մագայան երիտասարդ, համարձակ եւ կրոնական վառ հայացքներ ունեցող գործիչների խմբի անդամ է։ Նրանք Զիմբաբվեում հայտնվել են տնտեսական ճգնաժամի ընթացքում՝ հրաշագործ բուժման խոստումների միջոցով գրավելով հսկայական թվով հետեւորդների։ Նա վստահեցնում էր, որ «ագումա» դեղամիջոցը ՁԻԱՀ-ի վարակը 14 օրվա ընթացքում կարող է ոչնչացնել։