Հանքարդյունաբերական մոտ 7 տասնյակ ընկերություններ զգուշացվել են, մի մասը զրկվել են լիցենզիաներից.բնական պաշարների փոխնախարար Վ. Գևորգյան
Մեծ աշխատանք է կատարվել հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված, օրենքի նախագիծն արդեն մշակված է, նախատեսում ենք, որ ապրիլ-մայիսից այն պետք է մտնի ուժի մեջ:
Այս մասին Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը` հավելելով, որ օրենքի նախագիծը հիմա կառավարությունում է, շուտով կուղարկվի Ազգային ժողով:
«Օրենքը քաղհասարակությանն է շատ բան տալու, նաև՝ պետությանը: Օրենքը պարտադրելու է այդ ընկերություններին բացահայտել իրենց իրական սեփականատերերին, ընդհուպ մինչև վերջին ֆիզիկական անձը, որը կանգնած է ընկերության հիմնադիրների ակունքներում: Այդ թվում նաև օֆոշորային ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին»,-շեշտեց փոխնախարարը:
Վարդան Գևորգյանը տեղեկացրեց, որ hանքարդյունաբերական մոտ 7 տասնյակ ընկերություններ զգուշացվել են, որոշները զրկվել են լիցենզիաներից, խնդիրները հիմնականում կապված են եղել տուրքերի, ապառքների վճարման հետ, որոնք ընդերք օգտագործողները պարտավոր էին վճարել, բայց չեն վճարել:
«Մոտ 12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների է զգուշացում տրվել և շուրջ 60 ոչ մետաղական»,-մանրամասնեց նա:
Փոխնախարարը պարզաբանեց, որ գործընթացը շարունակական է և այն կազմակերպությունները, որոնք զգուշացումից հետո չեն կատարում իրենց պարտավորությունները, զրկվում են իրավունքից, իսկ որոնք կատարում են, վարչական վարույթը կարճվում է: