Թաիլանդում բնակիչը պիկապով բախվել է վայրի փղի և զոհվել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի 58-ամյա բնակիչը պիկապով բախվել է վայրի փղի և զոհվել: Այս մասին հաղորդում է The Nation թերթի համացանցային տարբերակը:
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր՝ «Կխաո Յայ» ազգային պարկի տարածքով անցնող ավտոճանապարհին: Պիկապը ամբողջությամբ դեֆորմացված է եղել: Փրկարարները ստիպված են եղել զոհի մարմինը մեքենայից հանելու համար հատուկ տեխնիկա կիրառել:
Մեքենայի մոտ ոստիկաններն ու փրկարարները մեծ փղի՝ անտառ տանող հետքեր են հայտնաբերել: Վթարի վայրում այլ վնասված փոխադրամիջոցների հետքեր կամ խոչընդոտներ, որոնց կարող էր բախվել մեքենան, չեն հայտնաբերվել:
Ազգային պարկի ղեկավարն ասել է, որ տարածքում հաճախ վայրի փղեր են թափառում, սակայն մահվան ելքով պատահարները շատ հազվադեպ են: Պարկի աշխատակիցներն արդեն սկսել են փղի որոնումները, որը, հավանաբար, վնասվածքներ է ստացել:
Հետագա պատահարներից խուսափելու նպատակով ճանապարհի այդ հատվածում ծրագրում են լապտերներ տեղադրել: