Ով ձեզ ասել է, որ ապրիլյան պատերազմում պարտվել ենք, նա դավաճանել է Ռոբերտ Աբաջյանին և նրա զինակից ընկերներին. Շարմազանով
Ժողովուրդ ջան, ով ձեզ ասել է, որ Հայաստանն ու Արցախը ապրիլյան պատերազմում պարտվել են, նա ուղղակի ոչ միայն խաբել է, այլ նաեւ դավաճանություն է արել հենց Արցախի, Հայաստանի եւ այն սպաների ու զինվորների նկատմամբ, որոնք իրենց կյանքով են հատուցել Հայաստանի ու Արցախի քաղաքացիների անվտանգությանը: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Facebook -ի իր էջում մեկնաբանություններին, թե ինքը խոսում է անվտանգությունից, սակայն ՀՀԿ-ի իշխանության ժամանակ 800 հա կարցրել ենք եւ պարտվել:
«Սա դավաճանություն է Ռոբերտ Աբաջյանի եւ նրա զինակից ընկերների ու սպաների նկատմամբ: Ինչպես կարել է մի երկիր, որը հաղթել է ապրիլյան պատերազմում, ասել, որ պարտվել ենք: Մենք 12 մլն հա պահել ենք, որեւէ արցախյան բնակավայր ադրբեջանցին չի մտել: Ադրբեջանն ու Ալիեւը ֆիասկո են ապրել: Հարյուրավոր տանկերը, որ բերել էր, որեւէ մեկն իր նպատակին չի ծառայել:
Բոլորս ընդունում ենք, որ 1992-1994 թվականներին մենք հաղթել ենք, բայց մենք այդ ժամանակ Շահումյանն ու Գետաշենը տվել ենք, էդպես է ստացվել: Հիմա ի՞նչ կանգնենք ասենք, որ քանի որ Գետաշենն ու Շահումյանը կորցրել ենք, ուրեմն 1994 թվականի պատերազմում պարտվե՞լ ենք: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական կարճատեսություն եւ դիվերսիա Հայաստանի ու Արցախի նկատմամբ»,-հայտարարել է Շարմազանովը:
Նա անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատարի հասցեին իր հնչեցրած քննադատությանը. «Փաշինյանն էլ մեր նման մարդ է, չի՞ կարելի քննադատել: Հո երկնքից իջած հրեշտակ չի՞: Բոլորս էլ սովորական մահկանացուներ ենք:
Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը խոսում է: Այն ժամանակ կար ընդդիմություն, որ շատ խիստ քննադատում էր, հիմա եկել է իր աշխատելու, արդյունքներ ցույց տալու ժամանակը: Մեր իշխանությունը զերծ չի եղել սխալներից, ունեցել է նաեւ ձեռքբերումներ: Մեր իշխանության տարիներին եղել է երկու պատերազմ՝ ապրիլյան եւ վրաց-օսական: Մեր իշխանության տարիներին եղել է երկու միջազգային տնտեսական ճգնաժամ, «Սասնա ծռերի» ապստամբություն եւ դրանով անդերձ այդ տարիներին տնտեսությունը 2 անգամ աճել է, աշխատավարձը՝ 3 անգամ: Աճել են ներդրումները, ԵՏՄ ենք մտել, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ենք ունեցել: Ձեր շատ սիրելի կառավարությանը ժառանգել ենք 9 տոկոսից ավելի տնտեսական աճով երկիր, իսկ հիմա իրենք նոր բյուջեում 4,9 տոկոս են բերել»: