Երևանի փոխքաղաքապետի անակնկալ շրջայցը` մանկապարտեզներ. հայտնաբերվել են թերություններ
Անակնկալ շրջայց՝ համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում է եղել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Անակնկալ այցելությունները մենք պետք է աշխատանքային սկզբունք դարձնենք, Որովհետև իրական պատկերի հետ առերեսվում ես այն ժամանակ, երբ այցելությունը լինում է անակնկալ»,– նշել է Տիգրան Վիրաբյանը:
Փոքրիկները սիրով են մանկապարտեզ հաճախում, գոհ են նաև ճաշացանկից: Ոլորտի պատասխանատուներն ավելի պահանջկոտ են: Նկատվող թերությունները մտահոգիչ են և պետք է վերացվեն:
Երևանի հ. 78 մանկապարտեզում մուտքը թույլատրված է միայն բախիլներով: Սնունդը ստուգելու համար ևս կա հատուկ մոտեցում:
Տիգրան Վիրաբյանն ամփոփում է շրջայցի արդյունքներն ու նկատում՝ ամեն ինչ չէ, որ ֆինանսական միջոցների հետ է կապված, պարզապես պետք է կառավարման ճիշտ մոտեցում.
«Չորս մանկապարտեզ այցելեցինք, որոնցից երեքում տեսանք ոչ նորմալ վիճակ: Կան մանկապարտեզներ, որոնց ոչ բարեկարգ վիճակն անմիջականորեն կապված է և՛ վարչական շրջանի, և՛ ֆինանսավորման խնդիրների ու գլոբալ հարցերի հետ, բայց այդ շարքում կան մանկապարտեզներ, որոնց խնդիրներն էականորեն կապված չեն ֆինանսի հետ: Սա ուղղակի ղեկավարման և ճիշտ մենեջմենթի բացթողումների արդյունք է»:
Տիգրան Վիրաբյանը վստահեցնում է, որ արձանագրվող թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետևանք չեն մնալու: Դրան զուգահեռ խրախուսվելու են բոլոր պարտաճանաչ աշխատակիցները:
Քաղաքապետարանի հայտնում են, որ համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական: