Աշխարհում հայտարարվել է «սպառազինության նոր մրցավազք». Միխայիլ Գորբաչով
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Միջին եւ փոքր հեռահարության հիթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու ԱՄՆ ծրագրերը գնահատել է որպես Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված անվտանգության համաշխարհային համակարգի հիմքերը խախտելու Վաշինգթոնի ձգտում: Նա այս մասին նշել է The New York Times պարբերականի սյունակի հոդվածում: Նրա խոսքով՝ աշխարհում հայտարարվել է «սպառազինության նոր մրցավազք»:
Գորբաչովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի գործող վարչակազմի իրական նպատակն է ԱՄՆ-ին «ցանկացած պարտավորությունից, ցանկացած սահմանափակումից» ազատելը:
«Բավարար քաղաքական կամքի առկայության դեպքում գոյություն ունեցող պայմանագրերին հետեւելու ցանկացած խնդիր լուծելի է: Բայց ինչպես տեսանք վերջին 2 տարիներին, Միացյալ Նահանգների նախագահը միանգամայն այլ նպատակ է հետապնդում՝ Միացյալ Նահանգներին ցանկացած պարտավորությունից, ցանկացած սահմանափակումից ազատելու նպատակը եւ ոչ միայն միջուկային հրթիռների հարցում»,- գրել է ԽՍՀՄ նախկին նախագահը:
Գորբաչովը իր ստորագրած ՄՓՀՀ պայմանագիրը որակել է որպես «վիթխարի ձեռքբերում» եւ Վաշինգթոնին մեղադրել է «միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի ամբողջ համակարգը ոչնչացնելու ձգտման մեջ, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո խաղաղության եւ անվտանգության հիմքն էին»: