Հայաստանից նույնիսկ գերան էին արտահանում, սա աբսուրդ է. Նիկոլ Փաշինյան
Պետք է վերջ տանք անտառային բիզնեսին, որովհետև այն կոնկրետ վնաս է հասցնում մեր բնապահպանությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին Սյունիքի մարզպետարանում համայնքների վարչական ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ներքին Խոտանան համայնքի վարչական ղեկավարը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է լուծվելու մարզի համայնքների գազաֆիկացման հարցը։
Վարչապետի պաշտոնակատարը շրջանցելով հարցը՝ համանքի ղեկավարին խորհուրդ տվեց օգտվել սանիտարական էտումների արդյունքում գոյացած փայտանյութից։
«Հանձնարարություն է եղել, որ բնակավայրի բնակիչներին վառելափայտն ապահովել սանիտարական հատումների շրջանակներում, բայց մենք պետք է վերջ տանք անտառային բիզնեսին, որովհետև դա մեր բնապահպանությանը կոնկրետ խփում է։ Պատկերացրեք, որ նույնիսկ Հայաստանից գերան էին արտահանում, սա աբսուրդ է, բնակիչները պետք է հնարավորություն ունենան իրենց ձմռան վառելիքը ինչ–որ ձևով ապահովել։ Հայանտառը 8 խորանարդ մետրի սահմաններում կամ մի քիչ ավելի, այդ խնդիրը պետք է լուծի»,–ասաց նա։
«Հարցն այն է, որ թափոններ չկան անտառում, պարո՛ն Փաշինյան»,–դժգոհեց գյուղապետը, ինչին Փաշինյանը կատակով արձագանքեց.
«Որ լավ ման գաք՝ կգտնեք»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի մարզում պետք է խրախուսել պելետների (խտացված ծղոտ) արտադրությունը։
«Ժողովուրդ ջան, էդ անտառը որ ասում եք, իմը չի՝ ձերն ա, երբ որ մենք այդ անտառն ուզում ենք պահպանած լինենք՝ հո մեզ համար չենք ուզում պահպանած լինենք։ Էդ պելետները կալորիականաությամբ ավելի բարձր են , ընդ որում ինքնարժեքն այդքան բարձր չէ, կամ փայտի գնին է կամ նույնիսկ ավելի էժան»,–ասաց նա։
Վարչապետի պաշտոնակարին զեկուցեցին, որ Գորիս համայնքում գործում է կոշտ վառելափայտի արտադրություն, ինչին ի պատասխան, Փաշինյանն ասաց.
«Պատկերացրեք 10 հոգի, որ էդ արտադրությունից դնի՝ անտառները կփրկվեն»։