Ավելի մեծ թվով փախստականներ են մահանում Եվրոպա մեկնելու ճանապարհին
Միջերկրածովյան շրջանում 2018 թ. կտրուկ բարձրացել է Եվրոպա մեկնող միգրանտների և փախստականների մահացության մակարդակը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, անցնող տարվա ընթացքում այդ շրջանում զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 1600 մարդ: 2018 թվականին Եվրոպա հասնող միգրանտների և փախստականների ընդհանուր թիվը նվազել է 42% -ով: Տարվա սկզբից յուրաքանչյուր 18-րդ փախստականը զոհվել է ծովում: Մեկ տարի առաջ այս ցուցանիշը 43-ից մեկն էր:
Ամենավտանգավոր երթուղին մնում է Միջերկրական ծովում Լիբիայից Սիցիլիա և մայրցամաքային Իտալիա ճանապարհը: Այս հատվածում 2018 թվականին զոհվել է 1,1 հազար փախստական:
Միգրանտների աճող մահացության առնչությամբ ՄԱԿ-ը կոչ է անում փորձանքի մեջ ընկած փախստականներին փրկելու և ափ հանելու տարածաշրջանային մոտեցում մշակել: Բացի այդ, ՄԱԿ-ը կոչ է անում ԵՄ իշխանություններին մեծացնել փախստականների ժամանման օրինական ճանապարհների թիվը և ընդլայնել վերաբնակեցման ծրագիրը: