Այլևս չեմ աշխատում Սպայկա ընկերությունում. Էդվարդ Անտինյան
«Սպայկա» ընկերությունում Գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ այլևս չի աշխատում ընկերությունում:
«Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Սպայկա ընկերությունում։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ Հայաստանի ամենախոշոր գյուղմթերք արտահանող, դրանից բացի, գյուղոլորտում բազմապրոֆիլ գործունեություն ծավալող ընկերությունում կուտակածս փորձը առաջիկայում ինձ համար շատ օգտակար կլինի:
Տևական ժամանակ լինելով ընդդիմադիր գործիչ` ես քաղաքական ակտիվ պրոցեսների դադարների ժամանակ միշտ էլ անցել եմ այլ աշխատանքի, որպեսզի չկորցնեմ պրոֆեսիոնալ որակներս ու չընկնեմ այն ընդդիմադիրների օրը, որոնք տարիներ շարունակ զօրուգիշեր քննադատելով օրվա իշխանություններին, եթե հանգամանքների բերումով նստում են այն նույն աթոռին, որը զբաղեցնողին դաժան քննադատության էին ենթարկում, ավելի վատ են կառավարում, քան իրենց քննադատության օբյեկտը: Սա է պատճառը որ, բավական ժամանակ զբաղվելով հրապարակային գործունեությամբ, օրվա իշխանությունների հանդեպ իմ խոսքը, եթե անգամ կոշտ ու դաժան քննատադություն է պարունակել, ապա միևնույն ժամանակ այն եղել է կառուցողական, անհամեստորեն ասած՝ գործիմաց մարդու հավասարակշիռ ու սրտացավ խոսք»,- գրել է նա։
Անտինյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ-ի մարտից: