Սաուդյան Արաբիան կոչ է անում Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել
Սաուդյան Արաբիան հանդես է գալիս Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օգտին: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը:
«Ինչ վերաբերում է իրանական միջուկային ծրագրին և այդ ծրագրի շուրջ կնքված պատմական համաձայնագրին, ապա մենք ամենասկզբից ասում էինք, որ այդ ծրագիրը թույլ է և չի նախատեսում ակտիվ միջոցների ձեռնարկում, որոնք Իրանին թույլ չէին տա ամենակարճ ժամկետում շարունակել իր միջուկային ծրագիրը, քանի որ այդ համաձայնագիրն ավարտվում էր 2025 թվականին և վտանգ կար, որ նրանք կարճ ժամանակում կարող են միջուկային ռումբ ստեղծել»,-մամուլի ասուլիսում ասել է նախարարը՝ ամփոփելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Բացի դրանից, այդ համաձայնագիրը չի նախատեսում Իրանի դերի սահմանափակում ահաբեկչությանն աջակցելու գործում և չի սահմանափակում իրանական մշակումները բալիստիկ հրթիռների բնագավառում: Մենք այն կարծիքին ենք, որ Իրանն արժանի է այն բանին, որ մենք ավելի շատ պատժամիջոցներ ընդունենք այդ պետության նկատմամբ»,-ընդգծել է դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: