Մենք պետք է գյուղացուն աջակցենք ոտքի կանգնել. վարչապետ
Պետությունը գյուղացիներին պետք է աջակցի ոտքի կանգնելու գործում՝ նպաստելով տնտեսության զարգացմանը: Կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու մասին հարցին՝ վարչապետն ասաց. «Պետական աջակցություն ասելով՝ սովորաբար հասկանում ենք, որ ինչ-որ սուբսիդավորում իրականացնենք:
Բայց պետական աջակցություն է նաև ուսումնասիրելը, թե գուցե այդ հողում այլ բան ցանելով՝ մարդը կարող է ավելի քիչ ծախս անել և ավելի շատ եկամուտ ստանալ: Մենք պետք է այլ տրամաբանություն դնենք մեր գործողությունների հիմքում, մենք պետք է մարդուն աջակցենք, որ ոտքի կանգնի, ոչ թե ամեն տարի նույն վիճակում հայտնվի:
Ջուր չկա, կա կաթիլային ոռոգում. եթե աջակցությունը գնալու է նրան, որ տնտեսությունը ռեալ զարգանա, այդ աջակցությունը հասկանալի է: Բայց մինչ այժմ մարդուն աջակցել ենք, որ մնա հուսահատ վիճակում՝ իմանալով, որ այդ աջակցությունը հսկայական միջոցներ է տանելու, բայց մարդուն ոչնչով չի օգնելու»: