Առաջին փոխվարչապետի և կառավարության դեմ սոցիալական ցանցերում սկսված արշավը խորը արմատներ ունի
«ժողղովուրդ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և, ընդհանրապես, կառավարության դեմ արշավը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ամերիկյան հարցերով փորձագետ Արեգ Գալստյանը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Գալստյանը նախարարից խնդրել է իրեն տալ արտահաստիքային խորհրդականի պաշտոն, սակայն մերժում է ստացել: Միևնույն ժամանակ արդեն Մնացականյանը նրան առաջարկել է համագործակցել հետագայում, սակայն ոչ պաշտոնի գնով: Եվ կարելի է ենթադրել, որ Գալստյանը շատ ծանր է տարել՝ որոշելով վրեժ լուծել ՀՀ նոր իշխանություններից, իսկական արշավ սկսելով կառավարության դեմ: Իսկ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցն էլ դարձել է ամենալավ առիթը նման քայլի գնալու համար:
Նրան այս հարցում օգնում են նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձ ունեն կեղծ տեղեկատվություն մատուցելու և սոցիալական ցանցերում արշավ կազմակերպելու մեջ:
«Ժողովուրդ» թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Գալստյանից. «Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն դրանցից ոչ մեկի ժամանակ պաշտոնների հարց չի քննարկվել, և միակ մարդը, ով ինձ պաշտոն է առաջարկել, եղել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մշտական խորհրդականի պաշտոն: Սակայն ես չեմ ընդունել առաջարկը»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: