Հայ, քուրդ, թուրք պատգամավորներ և հազարավոր այլ քաղաքացիներ հարգել են Հրանտ Դինքի հիշատակը Թուրքիայում (լուսանկարներ)
Հունվարի 19–ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության առաջ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են հարգելու 11 տարի առաջ այս օրը սպանված Հրանտ Դինքի հիշատակը, փոխանցում է թուրքական Bianet-ը:
Դինքի հիշատակը հարգելու համար հավաքվածները ձեռքներին պահել էին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությունը հայերենով, թուրքերենով ու քրդերենով։
Հրանտ Դինքի հիշատակը հարգելու համար հազարավոր քաղաքացիների մեջ են եղել Թուրքիայի խորհրդարանի հայ, քուրդ և թուրք պատգամավորներ, որոնց թվում են Կարո Փայլանը, Սելինա Դողանը, Բարըշ Յարքադաշը, Ալի Շեքերը, Սեզգին Թանրըքուլուն, բազմաթիվ հայտնի արվեստագետներ ու մտավորականներ։
Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, սգո միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել , որից հետո բարձրախոսներով հնչել է Հրանտ Դինքի ելույթներից մեկը։
Միջոցառման ողջ ընթացքում ոստիկանները խիստ հսկողություն են իրականացրել Շիշլի թաղամասում։