Նախկին պատգամավորը պարտվեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջև դատական քաշքշուկը լուծվեց: Նախկին պատգամավորը պարտվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից պահանջել է 186 միլիոն 609 հազար 900 դրամ:
«Ժողովուրդի» փոխանցմամբ՝ դեռևս անցած տարի բանկը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ նախկին պատգամավորի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործով դատավոր Արթուր Թամրազյանը բավարարել է: Եվ ահա շուրջ 7 ամիս տեւած քննությունից հետո տեղեկացանք, որ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը պարտվել է դատարանում, ասել է, թե դատարանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հայցը: Թերևս եթե Արզաքանցյանը պատգամավոր լիներ, բանկը կպարտվեր: