Ժողովրդագրական առումով իրավիճակը մնում է անփոփոխ. Ռուբեն Եգանյան
Այսօր` մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, խոսելով Հայաստանում միգրացիոն վիճակի մասին, հայտարարեց, որ ժողովրդագրական առումով իրավիճակը մնում է անփոփոխ:
«Այն, ինչը,որ նախատեսվում էր, տեղի է ունենում սահուն կերպով՝ ծնելիության նվազման շարունակում, ինչին զուգահեռ շարունակում է խորանալ ծերացման երևույթը՝ իրենից բխող սոցիալ-տնտեսական երևույթներով։ Իսկ մահացությունը թեթևակի աճման միտում ունի և շարունակելու է աճել, ինչն էլ պայմանավորված է բնակչության սեռատարիքային փոփոխություններով»,-ասաց ժողովրդագիրը։
Նրա խոսքով՝ մոտ 3 տարի առաջ, երբ ծնելիությունն աճեց՝ հասնելով մինչև 45 հազարի, հետո նորից սկսեց նվազել:
«Այդ ժամանակ բարեհոգի տրամադրություններ էին առաջացել, թե այդ աճը շարունակվելու է, բայց չէին ուզում հասկանալ, որ դա ժողովրդագրական ալիքի հետևանք էր։ Ծնող տարիք էր մտել 80-ականներին ծնված մեծաքանակ սերունդը, իրենք շատ էին, շատ երեխաներ էին ծնում։ Իսկ հիմա արդեն ծնող տարիք է մտնում 90-ական թվականներին ծնված փոքրաթիվ սերունդը, որոնցից ծնված երեխաների թիվն էլ փոքրաթիվ է լինելու», ասաց նա։
Ռուբեն Եգանյանը տեղեկացրեց, որ ներկա պահին ծնունդների թիվը գերակշռում է մահերի թվին՝ 12-13 հազար մարդով:
«Բնական հավելաճ դեռևս կա, բայց դա ժամանակավոր երևույթ է, մահացության շարունակական աճի և ծնելիության նվազման պայմաններում այս երկու թվերի հավասարումը հեռու չէ: Դրանից հետո կսկսի գերակշռել մահերի թիվը, կունենանք բնական հավելաճի առումով ապաբնակեցում»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է արտաքին միգրացիային՝ ժողովրդագիրն ասաց՝ որակական առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, անընդհատ ընթանում է բացասական մնացորդով։