Մենք աջակցելու ենք գործող քաղաքապետին. Տարոն Մարգարյանը անկարելին կարելի է դարձնում. Ռիմա Առաքելյան
Այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը և «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը խոսելով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, հայտարարեցին, որ իրենք աջակցելու են Տարոն Մարգարյանին:
«Գործող քաղաքապետը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքներին: Կարապետյան Արսենի մայրը, ով տնակում էր ապրում՝ դաշտի մեջ: Ես միջնորդեցի, ասացի, որ իր միակ որդին էր զոհվողը. քաղաքապետը չմերժեց, նրան բնակարանով ապահովեց», - նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
Նա ընդգծեց նաև, որ գործող քաղաքպետի շնորհիվ զինվորների ծնողները բազմիցս գնացել են զորամասներ՝ իրենց որդիներին տեսակցության:
«Տարոն Մարգարյանը միշտ ուշադրության կենտրոնում է պահել հայ զինվորին և նրա մորը, մեր զինվորները և նրանց մայրերը երբեք իրենց միայնակ չեն զգացել»,- նշեց Ռիմա Առաքելյանը, հավելելով, որ իրենց ՀԿ-ն ևս սատարելու է Տարոն Մարգարյանին:
«Տարոն Մարգարյանը անկարելին կարելի է դարձնում: Զոհվածների ընտանիքներից ոչ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանն իրենց չի աջակցել», – նշեց Ռիմա Առաքելյանը: