«Apple»-ը «խելացի» ակնոցներ կստեղծի
«Apple» ընկերությունը «Carl Zeiss» օպտիկայի արտադրող ընկերության հետ զբաղվում է սեփական արտադրության լրացուցիչ իրականության ակնոցներ մշակելու հարցով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով հեղինակավոր տեխնոբլոգեր Ռոբերտ Սկոբլի ֆեյսբուքյան հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է Սկոբլը, Լաս Վեգասում «CES 2017» ցուցահանդեսի ժամանակ « Carl Zeiss»-ի ներկայացուցիչն անձամբ է հաստատել «Apple»-ի հետ միասին այլ իրականության ակնոցների վրա աշխատելու լուրը:
Նախկինում արդեն ԶԼՄ-ներում հայտնվել էին վկայություններ, որոնք հայտնում էին, որ «Apple»-ը կարող է զբաղվել այլ իրականության սարքեր ստեղծելով: Իսկ բացի այդ, նախորդ տարվա հուլիսին «Apple»-ի ղեկավար Թիմ Քուկը հայտնել էր, որ ընկերությունը դիտարկում է լրացուցիչ իրականության տեխնոլոգիաներ մշակել երկարաժամկետ հեռանկարում: