Բագարան և Երվանդաշատ համայնքների բնակիչները չեն կարողանում գնալ Արմավիր
Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ համայնքները տրանսպորտի միջոցի բացակայության պատճառով չեն կարողանում գնալ Արմավիր քաղաք և վերադառնալ: Խնդրի մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է նշված համայնքների բնակիչներից: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվել է, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում: «Եթե ձեզ թվում է, որ դուք շատ եք շահագրգռված, ապա չարաչար սխալվում եք: Արդեն որերորդ ամիսն է' այդ գծատերը հրաժարվում է գիծը սպասարկելուց, որովհետև շահույթ չի ստանում: Հիմա էլ ասում է, որ էլ չի շարունակելու: Մենք էլ նոր մրցույթ կհայտարարենք: Եթե որևէ մեկը կցանկանա, ապա կարող է մասնակցել մրցույթին»,- պատասխանել է մարզպետը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չի հայտարարվել մրցույթը, նա պատասխանել է. «Դիմեք մարզպետարանի լրատվական ծառայություն, կպատասխանեն»,- ու անջատել է հեռախոսը: