Իմ 22 տարիներից ամենաթանկ տարին էր 2015-ը. թանկ և՛ ձեռքբերումներով, և՛ կորուստներով. Անի Խաչիկյան
Դերասանուհի Անի Խաչիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ 22 տարիներից ամենաթանկ տարին էր 2015-ը. թանկ և՛ ձեռքբերումներով, և՛ կորուստներով, և՛ հաղթանակներով, և՛ պարտություններով, ինչպես նաև թանկացումներով: Ու էմոցիոնալ (և ոչ միայն) առումով մեծամասամբ այն կիսել եմ իմ երկրի ու նրա ժողովրդի՝ ամենասիրուն տեսակի հետ:
Մի միտք կա, որը երկար ժամանակ մեջս եփվում էր ու արդեն տարեվերջին լրիվ պատրաստ է ))): Մարդիկ, հայեր, ազգասերներ, սրտացավ հայեր կան, ովքեր շարունակ չեն ընկալում ու բացասաբար են վերաբերվում մեր Բաղրամյանին: Ոմանց համար դա դրսի ուժերի խաղ էր, ոմանք մեկնաբանում են որպես ներքին ուժերի սարքած բեմադրություն և այլն, և այլն, և այլն... Հայե՛ր, ես գիտեմ, որ բոլորդ սիրում եք մեր երկիրը, բոլորդ դրա համար ցավում եք, ու ամենքդ ունեք փրկության ձեր պատկերացրած ճանապրհը, գիտեմ, որ զգուշանում եք խաբվելուց, գործիք լինելուց, բայց մի բանի վերջապես պարզորեն նայեք. եթե անգամ բեմադրություն էր ու արհեստածին, մեկ է, մերն էր: Մերն էր իր բարությամբ, հոգատարությամբ, ուժով, սիրով, համախմբվածությամբ, բարեկրթությամբ, դրական էներգիայի մեծ լարմամբ, ազգագրական երգերով, «Բերդ» պարով, ջրցանի կապտուկներով,ընկերներով, ինքնակազմակերպմամբ, անքուն գիշերվանից հետո հերթափոխով, բուլկին կիսելով, առավոտյան փողոցը մաքրելով, պայքարով, տեսակով: Մերն էր... Մենք կանք ու մենք բոլորս գտանք իրար:
Եկեք ուղղակի ամրագրենք սա, հիշենք, որ այդ հզոր ուժը մեզանում գոյություն ունի, իմանանք, որ պայքարը միայն մի տեսք ու ձև չի ունենում, ու գույներից միայն սևն ու կարմիրը չեն նրա նշանաբանները: Սիրում եմ քեզ, իմ տեսակ, շնորհակալ եմ վերարժևորված տարվա համար»: