Ռամոս. Ռոնալդուն ծնվել է հաղթող և չի սիրում պարտվել
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի հարձակվողը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի հետ «Ոսկե գնդակ 2014» մրցանակի 3 հավակնորդների թվում է:
«Կրիշտիանուն արժանի է «Ոսկե գնդակին»: Նա հաղթող է ծնվել և չի սիրում պարտվել: Նա ցանկանում է հաղթել ամեն ինչ: Որպես Ռոնալդուի ընկեր' գիտեմ, որ շատ ուրախ եմ լինելու, եթե նրան հանձնեն մրցանակը»,-Ռամոսի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Իսպանացի ֆուտբոլիստը նաև նշել է, որ 2014 թվականն իր կարիերայի լավագույն տարին էր. «Իհարկե, բոլորս ցանկանում ենք լինել լավագույնը:Ես գիտեմ, որ այս տարին լավագույնն էր իմ կարիերայում, կարող եմ հպարտանալ 4 տիտղոսով, սակայն սա թիմային աշխատանքի արդյունք է: Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Անհատական մրցանակներ ստանում են թիմային աշխատանքի շնորհիվ»,-ասել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվեու է 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: