Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ):
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
-կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից.
-առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը.
-սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում.
-խոհանոցում առկա լվացարանը չի եղել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել, և առկա են եղել կոռոզիայի հետքեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։