Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու հանցագործության դեպքը, համաձայն ինֆորմացիոն կենտրոնի գրանցված հանցագործությունների հաշվառման համակարգում առկա տեղեկությունների, ներկայում գտնվում է նախաքննության փուլում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկարցել են Ոստիկանությունից։
Tert.am-ը, մասնավորապես, հարցրել էր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ին անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն, սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածվել էր տեսանյութ, որից հետո հարուցվել էր քրեական վարույթ։ Երեխան բռնության էր ենթարկվել մոր կողմից։ Խնդրել ենք տրամադրել տեղեկություն՝ արդյոք դատական որևէ նիստ կայացել է, ինչ փուլում է գտնվում գործը։
«Ի պատասխան Ձե՝ր 01.04․2024թ․ հարցման տեղեկացնում ենք, որ հարցման 1-ին կետում նշված հանցագործության դեպքը համաձայն ինֆորմացիոն կենտրոնի գրանցված հանցագործությունների հաշվառման համակարգում առկա տեղեկությունների՝ ներկայումս գտնվում է նախաքննության փուլում», - ասված է պատասխանում։
Նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե վերջին երեք տարվա ընթացքում անչափահասների նկատմամբ թրաֆիքինգի քանի դեպք է գրանցվել և քանիսն է բացահատվել, որին ի պատասխան նշել են․
«2021 թվականի ընթացքում արձանագրվել է անչափահասի թրաֆիքինգի կամ շահագործման 4 դեպք, որոնցից 3-ը վերաբերելի է աշխատանքային, 1-ը սեռական շահագործմանը:
2022 թվականի 12 ամիսների ընթացքում անչափահասի թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, որը վերաբերելի է աշխատանքային շահագործմանը:
2023 թվականի 12 ամիսների ընթացքում անչափահասի թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 4 քրեական վարույթ, որոնցից 3-ն աշխատանքային, 1-ը սեռական շահագործման դեպքեր են»։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի ամռանը սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մայրը բռնության ենթարկում անչափահաս դստերը՝ դրան մասնակից դարձնելով իր մյուս անչափահաս երեխաներին ևս: Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ մոր նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր էր ճանաչել: Ավելի ուշ Քնչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «Լուրերին» տեղեկացրել էր, որ գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կապված այս դեպքի և առհասարակ երեխաների իրավունքների, հատկապես բռնության հետ կապված շատ սենսիթիվ ենք վերաբերվում։
«Բանավոր և գրավոր ձևաչափով գրություններ կամ պարզաբանումներ ենք պահանջում, թե ինչ գործողություններ է արվում, երեխաները ի՞նչ վիճակում են, ի՞նչ ընթացք ունի, ի՞նչ լրացուցիչ կարիքներ կամ անհրաժեշտություն են առաջացել»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքի պարագայում նույնպես աշխատանքները իրակաանացվել և մինչ օրս շարունակվում են։
«Ես իրավասու չեմ ասելու երեխաների գնտվելու վայրը, առհասարակ մենք կողմ ենք երեխաների վերաբերյալ լրացուցիչ թիրախավորումներ չստեղծելու տեսանկյունից յուրաքանչյուր երեխայի պարագայում գաղտնիությունը պահվում է, իրենք երեխաների ծառայություն մատուցող հաստատություններից մեկում կրթության մեջ են ներգրավված»,- տեղեկացրեց նա։