Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 32-րդ տարեդարձին
Փետրվարի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։
Միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Սուջաշվիլին, Վրաստանի պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ՊՆ և այլ նախարարությունների պաշտոնյաներ, պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը, Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն։
Իր խոսքում ՀՀ դեսպանը, շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ, անդրադարձել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ձևավորման և զարգացման պատմական ուղուն` կարևորելով դրանց արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերը։